SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Մյուզի հրապարակումը։ Վերջինս ենթադրել է, որ ուկրաինական առաջնորդը վախենում է Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից և նախագահական ընտրությունների անցկացումից, քանի որ պարտության դեպքում Զելենսկին, ինչպես իր նախորդների մեծ մասը, կարող է բախվել քրեական հետապնդման։ «Եվ ահա կոտորածը շարունակվում է… ժամանակն է, որ Զելենսկին հեռանա», — գրել է Մասկը։ Միևնույն ժամանակ մեկնաբանություններում օգտատերերից մեկը հարցրել է, թե որտեղ է SpaceX-ի ղեկավարի այն գրառումը, որում ասվում է, թե Վլադիմիր Պուտինը նույնպես պետք է հեռանա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է գտնի նոր նախագահ, որը կկարողանա «գործարք կնքել» Ռուսաստանի հետ։ «Նա [Զելենսկին] կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց ինչ-ինչ պատճառներով դա երբեք չի անում։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի», — ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը քննադատությամբ էր հանդես եկել Զելենսկու հասցեին այն բանից մեկ օր անց, երբ համաձայնության էր եկել Պուտինի հետ ռուսական դիզելային վառելիքը ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարելու վերաբերյալ։ Ուկրաինան քննադատել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիզելային գործարքը։ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանին նավթամթերք վաճառելու թույլտվությունը «ներդրում է պատերազմի մեջ»։
Միևնույն ժամանակ ուկրաինական առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է նախագահական ընտրությունների, եթե Ռուսաստանը համաձայնի երկու ամսվա լիակատար հրադադարի։ Նրա խոսքով՝ այդ ժամկետն անհրաժեշտ է նախընտրական արշավի անվտանգությունն ապահովելու համար։ Կրեմլում հայտարարել են, որ պատրաստ են չհարվածել Ուկրաինային միայն հենց ընտրությունների օրը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ 60-օրյա հրադադարը Զելենսկուն անհրաժեշտ է, որպեսզի «ուժերը վերականգնի, ապաքինի վերքերը և շարունակի պատերազմը»։
Վերջին անգամ Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել են 2019 թվականին։ Նոր քվեարկությունը պետք է տեղի ունենար 2024 թվականի մարտին, սակայն երկրում գործող ռազմական դրության պատճառով այն հետաձգվել է անորոշ ժամկետով։ Զելենսկին որպես խոչընդոտ նշել էր նաև ուկրաինացիների զանգվածային արտագաղթը և երկրի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիան։





























