Հունաստանի Հռոդոս կղզում 25-ամյա տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ նրա ավտոմեքենան հորդառատ անձրևաջրերի հզոր հոսանքով տարվել է ծով, հայտնում է Kathimerini-ն։
Ուժեղ տեղատարափները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել, խաթարել երթևեկությունը և ստիպել իշխանություններին փակել ճանապարհները։
Հունաստանի առափնյա պահպանության տվյալներով՝ տղամարդուն անգիտակից վիճակում հայտնաբերել են ծովում՝ կղզու արևելյան ափին գտնվող Ստեգնա լողափի մոտ, Արքանգելոս գյուղից ոչ հեռու։ Ընդհանուր առմամբ ջրի հոսանքը չորս ավտոմեքենա է քշել-տարել։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ և բուժաշխատողներ։
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր հյուրանոցում և գնացել էր իր ավտոմեքենան բերելու, երբ նրան հանկարծ տարել է ջրի հոսքը։ Տղամարդը չի կարողացել դուրս գալ մեքենայից։
Անբարենպաստ եղանակի պատճառով Հռոդոսում ճանապարհները հեղեղվել են, որոշ ավտոմեքենաներ մնացել են ջրի մեջ, իսկ երթևեկությունը խաթարվել է։ Արքանգելոսի և Մալոնասի միջև ճանապարհահատվածը փակվել է մեծ քարի ընկնելուց հետո, որը վնասել էր ճանապարհածածկը և պաշտպանական արգելապատնեշները։ Դադարեցվել է նաև որոշ ավտոբուսային երթուղիների աշխատանքը, փակվել են դպրոցներն ու համայնքային մարզական օբյեկտները։
Չորեքշաբթի օրվա կեսօրին Աթենքի ազգային աստղադիտարանի Հռոդոսի օդերևութաբանական կայանը գրանցել է 264 մմ տեղումներ, որոնցից 202 մմ-ը տեղացել է մոտավորապես վեցուկես ժամվա ընթացքում։
Հռոդոսի քաղաքապետ Ալեքսանդրոս Կոլիադիսը բնակիչներին կոչ է արել հրաժարվել ոչ անհրաժեշտ ուղևորություններից և նախազգուշացրել է ինչպես ավտոմեքենաներով, այնպես էլ ոտքով ողողված ճանապարհներն ու ջրի հոսքերը հատելու փորձերի վտանգի մասին։
Իշխանությունները միաժամանակ արտակարգ նախազգուշացում են տարածել՝ կոչ անելով սահմանափակել տեղաշարժը։




























