Թեհրանը մշակում է նոր օպերատիվ ծրագրեր, որոնք պետք է ամերիկյան ռազմական նավերին ստիպեն էլ ավելի հեռանալ Իրանի ափերից։ Այդ մասին հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինյան, փոխանցում է Mehr-ը։
Նա ընդգծել է, որ, հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բազմիցս արված հայտարարությունների, Իրանի հակաօդային պաշտպանության ներկայիս հնարավորությունները զգալիորեն գերազանցում են ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ մարտական գործողությունների ընթացքում գրանցված ցուցանիշները։
Գեներալի խոսքով՝ վերջին շաբաթներին Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի օդային տարածքում հաջողությամբ խոցել են մի քանի ամերիկյան անօդաչու թռչող սարքեր։ Նա նաև պնդում է, որ ամերիկյան ռազմական նավերը ստիպված են եղել հեռանալ Պարսից ծոցի ափերից ավելի քան 500 կիլոմետր հեռավորության վրա։
Նրա խոսքով՝ իրանական զինվորականները հաջողությամբ իրականացրել են առաջադեմ, համալիր և նորարարական գործողություններ։
Գեներալը նաև նշել է, որ երկրի ազգային հակաօդային պաշտպանության համակարգը նախապատերազմյան շրջանի համեմատ զգալիորեն ամրապնդվել է։ «Օրմուզի նեղուցից արևելք ներկայիս անկայունությունն ԱՄՆ-ի կործանարար ներկայության անմիջական հետևանքն է», — հայտարարել է նա։
Աքրամինյան ավելացրել է, որ տարածաշրջանի երկրներն ու միջազգային հանրությունը պետք է ճանաչեն Միացյալ Նահանգներին որպես տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառ։




























