ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից մի խումբ սենատորներ ստորագրել են նամակ՝ պահանջելով անհապաղ հետաքննություն անցկացնել Ուկրաինայի տարածքում Starlink արբանյակային համակարգի աշխատանքի խափանումների վերաբերյալ։
ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչին հասցեագրված նամակում սենատորները լուրջ մտահոգություն են հայտնում հոկտեմբերի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Starlink ցանցում շարժման արագության սահմանափակման մասին հաղորդագրությունների կապակցությամբ։
Նախաձեռնության հեղինակը միջազգային հարաբերությունների հանձնաժողովից դեմոկրատ սենատոր Ջին Շահինն է։ Նամակում Պենտագոնին կոչ է արվում պարզելու, թե արդյոք այդ սահմանափակումները մտցրել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կամ դրա կապալառուները։
«Ինչպես հաղորդվում է, սահմանված սահմանափակումները նվազեցրել են Ռուսաստանի՝ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով իրականացվող հարձակումների պայմաններում Ուկրաինայի պաշտպանական գործողություններ իրականացնելու կարողությունը»,- նշվում է փաստաթղթում։
SpaceX ընկերությունը երեքշաբթի երեկոյան սահմանել է արագության սահմանափակում՝ ժամում 100 մղոն (160 կմ/ժ) մակարդակով։ Դա հանգեցրել է նրան, որ այդ շեմից ավելի արագ շարժվող ցանկացած սարք կորցրել է կապը ցանցի հետ։
SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը ենթադրել է, որ սահմանափակումների հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը։ Պատասխանելով BBC-ի հարցին, թե արդյոք ամերիկյան իշխանությունները կարող էին առնչություն ունենալ դանդաղեցմանը, ամերիկացի պաշտոնյան ասել է. «Նախագահ [Դոնալդ Թրամփի] կողմից նման հարցումներ չեն եղել»։
Ուրբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ երկրում Starlink ծառայությունների աշխատանքը աստիճանաբար վերականգնվում է։
AFP-ն հիշեցնում է, որ Ուկրաինան օգտագործում է Starshield-ը՝ SpaceX-ի ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգը, մարտադաշտում կապ ապահովելու, Ռուսաստանի բռնազավթած տարածքներում օբյեկտներին հարվածներ հասցնելու, ինչպես նաև որսացող դրոնները կառավարելու համար։ Բացի դրանից, Ուկրաինան օգտագործում է նաև քաղաքացիական Starlink համակարգը։





























