Մանհեթենում մի տղամարդ է մահացել Նյու Յորքի Թատերական թաղամասի մետրոյի կայարանում ստացած հրազենային վնասվածքի պատճառով։ Ոստիկանությունը որոնում է կասկածյալին, հայտնում է NBC News-ը։

Ոստիկանության տվյալներով, 53-րդ փողոցի և Յոթերորդ պողոտայի խաչմերուկում գտնվող կայարանում կրակոցի մասին ահազանգը ստացվել է շաբաթ օրը տեղական ժամանակով մոտ 12:21-ին։

Տուժածին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ ժամը 13:06-ին արձանագրել են նրա մահը։ Զոհվածի անունն առայժմ չի հրապարակվում, ենթադրաբար նա մոտ 30 տարեկան էր։

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, կասկածյալը մոտեցել է տղամարդուն դեպի հյուսիս ընթացող E գծի գնացքի հարթակում, կրակել նրա կրծքին և փախել։

Քննության նախնական վարկածով, երկու տղամարդկանց միջև վեճը սկսվել է հարթակում, ապա շարունակվել վագոնում և կրկին տեղափոխվել հարթակ։ Իրավապահները պարզում են, թե կոնկրետ որտեղ է հնչել կրակոցը։

Ոստիկանությունը կարծում է, որ կրակոցը պատահական հարձակում չի եղել։ Նյու Յորքի տրանսպորտային վարչության անվտանգության ծառայության ներկայացուցիչ Մայքլ Քեմփերը հայտարարել է, որ հարձակվողը պետք է կրի հնարավորինս խիստ պատիժ։ Նա նաև նշել է, որ կողմնակի անձանցից ոչ ոք չի տուժել։

Դեպքից հետո կայարանի մուտքը ժամանակավորապես շրջափակվել է ոստիկանական ժապավենով։