France urbaine միավորումը, որը ներկայացնում է Ֆրանսիայի խոշոր քաղաքներն ու ագլոմերացիաները, պահանջել է հրատապ հանդիպում վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ հոկտեմբերի 17-ին երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգություններից, ավերումներից և հրկիզումներից հետո, հայտնում է Le Monde-ը։
Մասնավորապես, Լիմոժում հրդեհի հետևանքով վնասվել է քաղաքապետարանը։
Միավորումը տեղի ունեցածը որակել է որպես «չափազանց դաժան քաղաքային անկարգություններ» և դատապարտել է հանրային շենքերի վրա հարձակումները, վանդալիզմն ու թալանը։ Կազմակերպության կարծիքով, քաղաքապետարանների, պետական հիմնարկների և առևտրային օբյեկտների ավերումը անթույլատրելի է, իսկ մեղավորները պետք է կրեն ամենախիստ պատիժը։
France urbaine-ը կոչ է արել իշխանություններին առանց հապաղելու տրամադրել լրացուցիչ ուժեր՝ հասարակական կարգի պահպանության, բնակչության և հանրային տարածքների պաշտպանության, ինչպես նաև նոր ավերածությունները կանխելու համար։
«Մենք ակնկալում ենք, որ պետությունը կապահովի մեր տարածքների անվտանգությունը, իսկ վարչապետը առանց բանավեճի կպատասխանի մեր տարակուսանքին։ Ուստի խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել հանդիպում», — հայտարարել են միավորման ներկայացուցիչները։
Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիան նույնպես կոչ է արել կառավարությանը, հատկապես Ներքին գործերի նախարարությանը, ճշգրտել անվտանգության միջոցները՝ հաշվի առնելով նմանատիպ ցույցերի հետ կապված իրական ռիսկերը։
Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն մտադիր է հանդիպել Փարիզի, Մարսելի և Լիոնի քաղաքապետերի հետ։ Երկրի երեք խոշորագույն քաղաքների ղեկավարներն իրենք են դիմել նման խնդրանքով։ Հանդիպման ամսաթիվը դեռևս որոշված չէ։





























