Լեհական ոստիկանության աշխատակիցներին տեւական բանակցություններից հետո հաջողվել է ի վերջո ազատագրել Լեհաստանից Դրեզդեն ուղեւորվող ուղեւորատար գնացքը, որ առեւանգվել էր նախօրեին կովկասցի փախստականների կողմից:
Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, առեւանգիչներին, որոնց թիվը մոտ 230 էր (Վրաստանից, Չեչնիայից եւ Ինգուշիայից), համոզել են լքել վագոնները՝ ընդ որում ֆիզիկական ուժ չգործադրելով:
Փախստականները, որոնցից 60-ը երեխաներ էին, ավտոբուսներով տեղափոխել են գիշերելու: Արդյունքում ակցիայի բոլոր մասնակիցների դեմ արձանագրություններ են կազմվելու, եւ նրանց կրկին տեղափոխելու են փախստականների պահման լեհական ճամբարներ:
Ի դեպ, այդ մարդիկ դեռ չեն ստացել փախստականի պաշտոնական կարգավիճակ եւ ուղեւորվում էին Ստրասբուրգ՝ դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ դրա շուտափույթ ստացման եւ կյանքի ավելի տանելի պայմաններ ստանալու համար:
Ինչպես հաղորդում է Wiadomosci-ն, լեհական օրենքներով առեւանգիչներին սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում: Սակայն, հաշվի առնելով կարգավիճակը, նրանց հավանաբար կարտաքսեն երկրից: Նրանց կարգավիճակը նախատեսում էր, որ իրավունք չունեն լքելու անգամ ճամբարի տարածքը:




























