Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհարկի է համարում Ուկրաինայի տարածքային կորուստների մասին խոսակցությունները։ Նա իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ այն տարածքների բնակիչները, որոնք Մոսկվան համարում է պատմական Ռուսաստանի մաս, սկզբում քվեարկել են պետական անկախության, իսկ հետո՝ ՌԴ-ին միանալու օգտին։

Պատասխանելով ՝ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունների վերաբերյալ՝ հնարավոր տարածքային կորուստների մասին լրագրող Պավել Զարուբինի հարցին, Պուտինը շեշտել է, որ այդ հարցը այլ կերպ է դիտարկում։

«Նախ և առաջ, իմ վերաբերմունքը այդ հարցին այնպիսին է, որ դա իրենց տարածքը չէ, դա պատմական Ռուսաստանի տարածքն է, մանավանդ որ այդ տարածքներում բնակվող մարդիկ քվեարկել են՝ նախ պետական անկախության օգտին, իսկ որպես երկրորդ քայլ՝ քվեարկել են, ուզում եմ դա ընդգծել, Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորման օգտին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

«Այսպես որ, որևէ տարածքային կորուստների մասին խոսելն, ինձ թվում է, անհարկի է։ Բայց դա քննարկելի հարց է, դրա շուրջ կարելի է որքան ուզեք վիճել»,- հավելել է նա։

Պուտինը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է հակամարտության դիվանագիտական լուծում փնտրել և Ուկրաինայի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը հնարավոր է համարում։

Միևնույն ժամանակ, տարածքային հարցի շուրջ Մոսկվայի դիրքորոշումը մնում է խաղաղ համաձայնագրի ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկը։ Ռուսաստանը հայտարարել է Ղրիմը, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը իր կազմի մեջ ներառելու մասին։ Ուկրաինան չի ճանաչում դրանց միացումը և պնդում է տարածքային ամբողջականությունը միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Աշխարհի պետությունների մեծամասնությունը նույնպես չի ճանաչում այդ տարածքների կարգավիճակի փոփոխությունը։