Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող A5 ավտոմայրուղին հինգշաբթի երեկոյան ժամանակավորապես փակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիառումբի վնասազերծման պատճառով, որը հայտնաբերվել է Զինցհայմ քաղաքի մոտ՝ Ֆրանսիայի սահմանից մոտավորապես 10 կմ հեռավորության վրա, հայտնում է dpa գործակալությունը։
Չպայթած ռազմամթերքը հինգշաբթի առավոտյան՝ մաքրման կայանների մոտ հայտնաբերել է էքսկավատորի օպերատորը։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ ռումբի վնասազերծման աշխատանքները պետք է սկսվեն տեղական ժամանակով 20:00-ին։ Բյուլի և Բադեն-Բադենի միջև գտնվող A5 ավտոմայրուղու հատվածը նախատեսում են փակել գործողության մեկնարկից մոտ կես ժամ առաջ։
Ռազմամթերքի հայտնաբերման վայրից մեկ կիլոմետր շառավղով բնակվող բնակիչներին հրահանգել են լքել իրենց տները։ Սկզբում իշխանությունները չէին հայտնում, թե տարհանումը քանի մարդու կվերաբերի։
Գերմանիայում մինչ օրս պարբերաբար հայտնաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռազմամթերք, թեև պատերազմն ավարտվել է ավելի քան 80 տարի առաջ։ Մայիսին Զինցհայմից հյուսիս-արևելք գտնվող Պֆորցհայմում ավիառումբի հայտնաբերումը հանգեցրել էր մինչև 30 հազար մարդու տարհանման։
Գերմանական իշխանությունների տվյալներով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այն ժամանակվա Գերմանական ռայխի տարածքի վրա նետվել է շուրջ 1,35 միլիոն տոննա ռազմամթերք։ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային երկրամասում, որտեղ գտնվում է Զինցհայմը, մասնագետների գնահատմամբ՝ ռազմամթերքի 10-15%-ը չի պայթել և մինչ օրս կարող է մնալ հողի մեջ և ջրի տակ։





























