ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկին՝ խնդրելով հանել սահմանափակումները Starlink արբանյակային կապի համակարգի ռազմական տարբերակից, որը օգտագործում են ուկրաինացի զինվորականները։ Նրանց զրույցից հետո կապն սկսել է ավելի լավ աշխատել, սակայն ուկրաինացի պաշտոնյաների տվյալներով՝ դրա գործառույթները դեռևս ամբողջությամբ վերականգնել չի հաջողվել, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնական անձանց։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը զանգահարել է Մասկին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին։ Արդեն հաջորդ օրը համակարգն աշխատում էր ավելի սովորական ռեժիմով, իսկ կապի արագությունը՝ սահմանափակումների գործողության ժամանակահատվածի համեմատ աճել էր:
Միաժամանակ որոշ ուկրաինացի պաշտոնյաներ հայտարարել են, որ կապը դեռ չի վերադարձել լիարժեք աշխատանքի, թեև իրավիճակը բարելավվել է։
Խոսքը վերաբերում է Starshield-ին՝ SpaceX-ի տեխնոլոգիայի ռազմական տարբերակին, որը մշակվել է ԱՄՆ կառավարության և նրա գործընկերների համար։ Ուկրաինացի զինվորականներն այդ համակարգն օգտագործում են մարտի դաշտում կապի, անօդաչու սարքերի կառավարման և օդային հարձակումների հետմղման համար։
Հոկտեմբերի կեսերին սահմանված սահմանափակումները դժվարացրել են ուկրաինական հարվածային անօդաչուների և որսացող դրոնների աշխատանքը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ սարքավորումների շարժման արագությունը, որի դեպքում պահպանվում էր միացումը արբանյակային ցանցին, սահմանափակվել էր մոտ 160 կմ/ժ-ով։ Դա խնդիրներ էր ստեղծում այն անօդաչուների համար, որոնց անհրաժեշտ է կապ պահպանել ավելի բարձր արագությունների դեպքում։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Starlink-ի ռազմական տարբերակի աշխատանքը սահմանափակելու որոշումն ընդունել է Մասկը։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ այդ քայլը մտահոգություն էր առաջացրել Կիևում և շփոթություն՝ ԱՄՆ վարչակազմի ներսում։ Ինքը՝ Մասկը, ավելի վաղ հայտարարել էր, որ համակարգի արագության և օգտագործման սահմանափակումները որոշում են ամերիկացի զինվորականները և, ի վերջո, ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հերքել էին, որ Սպիտակ տունը հանձնարարական է տվել միտումնավոր սահմանափակել համակարգի աշխատանքը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Պենտագոնը համապատասխան ցուցումներ չի տվել, իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել էր, որ համակարգի օգտագործման պայմանները որոշվում են SpaceX-ի հետ կնքված առևտրային համաձայնագրով։
Սահմանափակումները համընկան Վաշինգտոնի և Կիևի միջև տարաձայնությունների սրման հետ։ Թրամփը քննադատում էր ուկրաինական հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին և ուկրաինական ղեկավարությանը կոչ անում ձգտել պատերազմի ավարտին։ Կիևում նախազգուշացնում էին, որ արբանյակային կապի խափանումները կարող են բարդացնել ռազմական գործողությունները և հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքը։





























