Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը, ոը վերջերս է բոլորել 82-ամյակը, տեղափոխվել է իտալական Աոստա քաղաքի հիվանդանոց:
Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հռոմի պապը սայթաքել եւ ընկել է Ալպյան լեռների իր տնակում, որտեղ անցկացնում էր իր ամառային հանգիստը:
Իտալական «La Stampa» պարբերականը տեղեկացնում է, որ պապը վնասել է ազդրն ու դաստակը: Առաջիկա ժամերին նա վիրահատության կենթարկվի:
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին հավաստաիացրել է, որ «որ որեւէ լուրջ բան չի պատահել», Հռոմի պապն իրեն բավական լավ է զգում, իսկ բժիշկները անհանգստացնող ոչինչ չեն հայտնաբերել:
Բենեդիկտոս 16-րդն արձակուրդի էր մեկնել հուլիսի 13-ին: Ամառային հանգիստը նա սովորաբար անցկացնում է իտալական Վալլե դ'Աոստա մարզի Լե-կոմբ վայրում, ծովից 1300 մետր բարձրության վրա, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Մոնբլանի ձնապատ գագաթը:
Նախատեսվում էր, որ արձակուրդի ընթացքում պապը կհանդիպի տեղացի կաթոլիկներին` Angelus Domini կիրակնօրյա աղոթքի ժամանակ:


























