Լեհաստանը ձգտում է միանալ ամերիկյան միջուկային զսպման «Nuclear Sharing» ծրագրին և միաժամանակ բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ՝ այդ ոլորտում համագործակցության շուրջ։ Այս մասին WNP.pl-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Nuclear Sharing» ծրագիրը ՆԱՏՕ-ի առանձին անդամ պետություններին թույլ է տալիս մասնակցել ԱՄՆ-ի միջուկային զսպման համակարգին։ Զուգահեռաբար Վարշավան մտադիր է խորացնել համագործակցությունը Փարիզի հետ, որը եվրոպացի գործընկերներին առաջարկել էր ընդլայնել իրենց մասնակցությունը ֆրանսիական միջուկային զսպման համակարգում։

«Ամերիկյան «Nuclear Sharing» ծրագրին մասնակցելու դեպքում չի բացառվում նաև ֆրանսիացիների հետ եվրոպական հարաբերությունների զարգացումը», — ընդգծել է Կոսինյակ-Կամիշը։

Նրա խոսքով՝ Լեհաստանը մտադիր է աստիճանաբար ընդլայնել իր ներգրավվածությունը միջուկային զսպման համակարգում, սակայն կոնկրետ որոշումները պետք է համաձայնեցվեն դաշնակիցների հետ։ Դրանց ընդունման հստակ ժամկետներ նախարարը չի նշել։

Հարցազրույցում նա անդրադարձել է նաև լեհական բանակի արդիականացման առաջնահերթությունների վերանայմանը՝ հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմի փորձը։ Նոր ներդրումների հիմնական ուղղությունների շարքում Կոսինյակ-Կամիշն առանձնացրել է անօդաչու թռչող սարքերը, դրանց դեմ պայքարի համակարգերը, արհեստական բանականությունը, ինչպես նաև մեծ հեռահարության մատչելի, գերճշգրիտ սպառազինությունը։

Նախարարի փոխանցմամբ՝ անօդաչուների վրա Լեհաստանի ծախսերը 2023 թվականի 100 միլիոն զլոտիից 2026 թվականին աճել են մինչև 26 միլիարդ զլոտի։ Նա նաև հայտնել է, որ ռազմական ոլորտում արհեստական բանականության կիրառման համար համապատասխան ծրագրային ապահովում ընտրելու վերաբերյալ որոշում է նախապատրաստվում։

Միաժամանակ Կոսինյակ-Կամիշն ընդգծել է, որ նոր տեխնոլոգիաների զարգացումը չի նշանակում հրաժարում ավանդական սպառազինությունից․ լեհական բանակը պետք է զուգահեռաբար հզորացնի ինչպես տանկերի, այնպես էլ անօդաչու համակարգերի կիրառման հնարավորությունները։