Բրիտանական ոստիկանությունը որոնում է 38-ամյա բանտարկյալ Էնթոնի Լլոյդին, որը փախել է Լոնդոնի Լյուիշեմ շրջանի բժշկական հաստատությունից, հաղորդել է Press Association-ը։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը կարող է վտանգ ներկայացնել ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար։

Լլոյդը հաստատությունից հեռացել է ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ին, մոտավորապես 16:10-ին՝ ուժով դուրս գալով բաժանմունքից։ Վերջին անգամ նրան տեսել են Լոնդոնի հարավում, Քեթֆորդ շրջանի ուղղությամբ գնալիս։ Ոստիկանությունը բնակիչներին զգուշացնում է, որ հետախուզվողին նկատելու դեպքում չպետք է մոտենալ նրան․ անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 999 համարով։

Press Association-ի տեղեկությամբ՝ 2025 թվականին Լլոյդը մեղավոր է ճանաչվել մարմնական վնասվածքներ պատճառելու համար Նոթինհեմշիրում տեղի ունեցած միջադեպի արդյունքում, որի հետևանքով տուժել էին արտակարգ ծառայությունների երեք աշխատակիցներ։ Նա դատապարտվել է 12 ամսվա ազատազրկման։ Սեպտեմբերին նրան տեղափոխել էին Լյուիշեմի բժշկական հաստատություն։

Որոնողական աշխատանքները ղեկավարում է դետեկտիվ-սուպերինտենդանտ Մելանի Փրեսլին։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը լայնածավալ օպերատիվ միջոցառումներ է իրականացնում, որպեսզի գտնի փախստականին և վերադարձնի կալանքի տակ։

Լլոյդը սպիտակամորթ տղամարդ է՝ մոտ 173 սանտիմետր հասակով, միջին կազմվածքով, կարճ մուգ մազերով։ Փախուստի պահին նա հագին ունեցել է մոխրագույն-կապտավուն շապիկ, սև սպորտային տաբատ և սպիտակ մարզակոշիկներ։

Ոստիկանության գնահատմամբ՝ նա կարող է գտնվել Լոնդոնի ցանկացած հատվածում։ Նա նաև կապեր ունի Սուրեյ, Սասեքս, Հեմփշիր, Նոթինհեմշիր և Դերբիշիր կոմսությունների, Թեմզ Վելի տարածաշրջանի և Մերսիսայդ կոմսության հետ։