Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մեղադրել է ուկրաինացի զինվորականներին Starlink արբանյակային կապի համակարգի օգտագործման կանոնները խախտելու մեջ՝ անօդաչու սարքերով հարվածներ հասցնելու համար։ Նրա պնդմամբ՝ հայտնաբերված բացը փակվել է անցած շաբաթ։ Այս մասին ձեռնարկատերը գրել է X սոցիալական ցանցում։
«Starlink-ի՝ քաղաքացիական նշանակության առևտրային ծառայության օգտագործումը մարդկանց սպանելու նպատակով անօդաչու սարքերի հարձակողական հարվածների համար երբեք չի թույլատրվել և չպետք է թույլատրվի», — հայտարարել է Մասկը։
Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները խախտել են համակարգի օգտագործման պայմանները՝ այն կիրառելով դրոնային հարձակումների համար։ Միևնույն ժամանակ, միլիարդատերն ընդգծել է, որ Starlink-ը շարունակում է կրիտիկական կարևոր դեր խաղալ Ուկրաինայի պաշտպանության գործում։
«Եթե Starlink-ն անջատեն, ուկրաինական ճակատն անմիջապես կփլուզվի։ Սա սպառնալիք ՉԷ, այլ պարզապես փաստի արձանագրում», — գրել է Մասկը։
Նա նաև հիշեցրել է, որ պատերազմի առաջին օրերին համակարգն օգնել է Ուկրաինային պահպանել կապը, երբ հաղորդակցության մյուս միջոցները ոչնչացվել կամ արգելափակվել էին ռուսական ուժերի կողմից։
«SpaceX-ը Ուկրաինայի պաշտպանության համար արել է շատ ավելին, քան Երկրի վրա գտնվող ցանկացած այլ մասնավոր ընկերություն», — հայտարարել է ձեռնարկատերը։
Միևնույն ժամանակ, Մասկը կտրուկ քննադատել է ռազմական գործողությունների շարունակման կողմնակիցներին՝ նրանց մեղադրելով հակամարտության կարգավորման իրատեսական ծրագրի բացակայության մեջ։
«Ես միայն ԼԻԱԿԱՏԱՐ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ եմ զգում պատերազմի այն չար հրահրիչների նկատմամբ, որոնք ցուցադրաբար ներկայացնում են իրենց առաքինությունը, հանդես են գալիս անվերջ սպանդի օգտին և չեն առաջարկում հակամարտության որևէ իրատեսական լուծում։ Այրվեք դժոխքում», — գրել է նա։
Առանձին Մասկը հստակեցրել է, որ Starshield-ը մեկ այլ համակարգ է, որը գտնվում է ԱՄՆ կառավարության վերահսկողության ներքո։ Նրա խոսքով՝ դրա օգտագործման վերաբերյալ որոշումները մնում են ամերիկյան իշխանությունների հայեցողության տակ։




























