Թուրքական Haberturk լրատվական գործակալության պատվերով իրականացվող սոցհարցումները Թուրքիայում հետաքրքիր տվյալներ են հաղորդում:

«Եթե ընտրությունը այսօր լիներ, ո՞ր կուսակցությանը կտայիք ձեր ձայնը» հարցին, 39 տոկոսը պատասխանել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, 22 տոկոսը՝ պատասխանել է` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը, 16.7 տոկոսը` «Ազգայնական շարժում» կուսակցությանը, 5.5 տոկոսը` արդեն փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությանը եւ 8.8 տոկոսը նշել են այլ կուսակցություններ:

Կուսակցությունների վարկանիշը մի քանի ամիս անընդմեջ գրեթե չի փոխվել, իսկ կուսակցության ղեկավարների վարկանիշը ընկել է աղետալիորեն: Այսպես, Էրդողանից օգոստոս ամսին գոհ է եղել հարցվածների 54 տոկոսը, իսկ նոյեմբերին` 38.9 տոկոսը: «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալից օգոստոսին գոհ է եղել 25.5, իսկ նոյեմբերին`14.8 տոկոսը: «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարից օգոստոսին գոհ է եղել 29.7, իսկ նոյեմբերին 14 տոկոսը: