Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՔՀԲ պետի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ոստիկանության` Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՔՀԲ պետ Ա. Գրիգորյանն իր որդու` Վ. Գրիգորյանի եւ վերջինիս ընկերներ Հ. Սարգսյանի ու Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Գալստյանի հետ 2009թ. օգոստոսի 17-ին` ժամը 02-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ռեստորանային համալիրում վիճաբանության մեջ են մտել Գյումրի քաղաքի բնակիչներ Ա. Պապիկյանի եւ Ա. Իսկանդարյանի հետ, հայհոյել, բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Գործադրված բռնությունների հետեւանքով Ա. Պապիկյանը եւ Ա. Իսկանդարյանն ստացել են առողջությունը քայքայող թեթեւ մարմնական վնասվածք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Գրիգորյանին, Վ. Գրիգորյանին եւ Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ` ըստ էության քննելու համար: