Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը գովել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Իր կարծիքը Թովմասյանը հայտնել է մայիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում:

Հարցին, թե իր կարծիքով ո՞վ կլինի խորհրդարանի նախագահ եւ վարչապետ, ՀԿԿ առաջին քարտուղարը նկատել է, թե քանի որ կոմկուսը չի ընդունում մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները, հետեւաբար կարեւոր չէ, թե ով կնշանակվի, առավել եւս, որ դրանից բան չի փոխվի:

«Բայց վարչապետին փոխել չարժե: Նա լավագույն մասնագետն է, որ համաշխարհային տնտեսություն գիտի»,- հայտարարել է Թովմասյանը: Մեկնաբանելով իր դրական վերաբերմունքը Տիգրան Սարգսյանի մասին` Թովմասյանը նշել է, որ «ով էլ լինի կառավարության ղեկին, գների աճը, միեւնույն է, լինելու է, քանի որ երկիրը չի արտադրում»:

«Պետք է փոխել տնտեսությունը, այլ ոչ վարչապետներին»,- ասել է նա` նշելով, որ քաղաքական կյանքում շարունակելու է տոն տալ Հանրապետական կուսակցությունը: