Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 16-ին մեկնել է Ախթալա քաղաք, որտեղ մասնակցել է Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի պատվին անվանակոչելու հանդիսավոր միջոցառմանը: Շուրջ 130 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատությունը հիմնանորոգվել է երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ:
Հյուրերը շրջել են կրթարանում, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին եւ համակարգչային դասարանի հնարավորություններին:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դպրոցում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին է հանձնվել Ախթալա քաղաքի «Ոսկե նուռ» շքանշանի առաջին օրինակը:
Տիգրան Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները բացել են լուսահոգի վարչապետի հուշատախտակը: Միջոցառումը շարունակվել է Անդրանիկ Մարգարյանի կյանքի եւ գործունեության մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:
Հայաստանի վարչապետը Բարիտ թաղամասում մասնակցել է գազատարի բացմանը, որն ուղեկցվել է խորհրդանշական ջահը վառելու ավանդական արարողությամբ: Թաղամասի գազիֆիկացումը կատարվել է ՀՀ կառավարության եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի աջակցությամբ:



























