«Մենք մերոնցով» թերթի խմբագիր 51-ամյա Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու` 56-ամյա Յուրիկ Սրաբյանի սպանության նախաքննությունն ավարտվել է եւ գործն առաջիկայում կուղարկվի դատարան: ՀՀ գլխավոր դատախազի մամլո Խոսնակ Սոնա Տռուզյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ  գործով նախաքննությունը ավարտվել է, սակայն նշեց, որ այն դեռ դատարան չի ուղարկվել:

«Նախաքննությունն ավարտվել է, բայց գործը դեռ դատարան չի գնացել, որովհետեւ պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար: Երբ իրենք կավարտեն գործի նյութերին ծանոթանալը, ըստ այդմ կներկայացվեն միջնորդություններ կամ չեն ներկայացնի, որից հետո նոր հնարավոր կլինի պատասխանել, թե երբ գործը կուղարկվի դատարան»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Հարցին, թե մեղադրյալները մեղքն ընդունե՞լ են, նա պատասխանեց. «Այս փուլում, որեւէ այլ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել, քանի դեռ գործը դատարան չի ուղարկվել»:

NEWS.am-ի տեղեկություններով  սպանությունների մեջ մեղադրվող Վաղարշակ Աբաջյանը մինչ այս դեպքը դատապարտված է եղել սպանության փորձի մեղադրանքով: Նա կրկին ֆինասական խնդիրների հողի վրա հրկիզել է պարտատերի մեքենան եւ դատապարտվել 11 տարվա ազատազրկման: 1997թ. հունիսի 17-ին սպանության փորձի համար Վաղարշակ Աբաջյանը դատապարտվել է, սակայն 2003թ. սեպտեմբերի 4-ին պայմանական-վաղաժամկետ ազատ է արձակվել եւ 2011թ-ին կրկին հայտնվել ճաղերի հետեւում:

Ավելի վաղ ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ 2011-ի սեպտեմբերի 1-ի առավոտյան անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա դիակ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում` ճանապարհի երթեւեկելի մասին հարակից ձորակում, հայտնաբերել էր կնոջ դիակ` պարանոցի շրջանում երկակի ճմլման ակոսի հետքով: Պարզվել էր, որ դիակը որպես անհայտ կորած հետախուզվող, 1960 թ. ծնված, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանին է: Պարզվել է նաեւ, որ օգոստոսի 31-ին անհետացել է Աբրահամյանի ամուսինը` 56-ամյա Յուրիկ Սրաբյանը: Պարզվել է, որ Ալվարդ Աբրահամյանը աշխատանքային ու ֆինանսական հարաբերությունների մեջ է եղել Երեւանի բնակիչ, 58-ամյա Վաղարշակ Աբաջյանի հետ: Նրանց միջեւ տարաձայնություններ են ծագել, որոնց միջամտել է Աբրահամյանի ամուսինը: Խնդիրները պարզաբանելու նպատակով Վաղարշակ Աբաջյանը, նրա որդին` Հակոբը, եւ Յուրիկ Սրաբյանը օգոստոսի 31-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղ, որտեղ գտնվող մի կիսակառույցի տարածքում հայր ու որդի Աբաջյանները նախ ծեծի են ենթարկել Սրաբյանին, ապա խեղդամահ արել եւ դիակը գցելով փոսի մեջ ու քարերով ծածկելով` հեռացել են: Երեւան վերադառնալիս նրանք ճանապարհի տարբեր հատվածներում դեն են նետել Սրաբյանի` նախապես հանած հագուստն ու կոշիկները` նպատակ ունենալով դիակի հայտնաբերման դեպքում բացառել նրա ինքնությունը պարզելու հնարավորությունը:

Արդեն երեւանում Աբաջյանները Ալվարդ Աբրահամյանին խաբեությամբ տարել են Չարենցի կամարի մոտ, որտեղ Վաղարշակ Աբաջյանը խեղդամահ է արել նրան:

Քննությամբ պարզվել է, որ Յուրիկ Սրաբյանի դին թաքցնելով, իսկ Ալվարդ Աբրահամյանի դին թողնելով սպանության վայրում` Աբաջյանները նպատակ են ունեցել կնոջ սպանությունը բարդել ամուսնու վրա. իբր Սրաբյանը սպանել է կնոջն ու անհետացել: Հոկտեմբերի 26-ին հայր եւ որդի Աբաջյանները բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին ու սպանության կասկածանքով ձերբակալվել:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը