Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Լոռիի մարզի 17 դպրոցների եւ 1 նախադպրոցական ուսումնական  հաստատության կտրվեն դրամաշնորհներ` նախադպրոցական կրթության միկրո ծրագրեր իրականացնելու համար: Լոռիի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի փոխանցմամբ շեշտը դրված է հիմնականում գյուղական համայնքների վրա: Իրականացվելիք ծրագրերում ներդրում պետք է կատարեն նաեւ համայնքները:

Վարչության պետի փոխանցմամբ, Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհը, որը տրամադրվելու է նախադպրոցական այդ հաստատությունների համար, տատանվում է 500 հազար դրամից մինչեւ 7.5 մլն դրամ, ինչը լուրջ ներդրում է: Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ պայմանագրերի կետերի հստակ կատարումից է կախված լինելու ծրագրերի շարունակական լինելը:  Շարունակելով դպրոցների թեման, տեղեկացրեց, որ կարեւորագույն խնդիր է նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների թեման, ինչը շատ դպրոցներում պարզապես չի ծառայում իր նպատակին:

«Ուսումնական հաստատությունների խորհուրդների ճնշող մեծամասնությունը այսօր անգործության է մատնված, կամ ընդհանրապես չեն գործում»,-հավելեց նա: