Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ Աստանայում, մայիսի 30-31-ին, գումարվել է Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների Դ համաժողովը` «Խաղաղությունն ու համերաշխությունը` որպես մարդկության ընտրություն» խորագրով:

Համաժողովի ընթացքում քննարկվել են «Կրոնական առաջնորդների դերը կայուն զարգացման գործում», «Կրոնը եւ կինը. հոգեւոր արժեքները եւ ժամանակակից մարտահրավերները», «Կրոնը եւ երիտասարդությունը» եւ այլ թեմաներ:

Գարեգին Բ-ի օրհնությամբ համաժողովին մասնակցել են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ժողովին Նաթան արքեպիսկոպոսի կողմից ներկայացվել է նաեւ Գարեգին Բ-ի ողջույնի խոսքը համաժողովի մասնակիցներին: