ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ողջունեց հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցումը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ քննչական խմբի աշխատանքները վերահսկող դատախազ Կորյուն Փիլոյանը որոշում էր կայացրել ՀՔԾ-ին պարտադրել քրեական գործեր հարուցել 2008թ. մարտի 1-ին ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ: Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանի ու Վարդան Սահակյանի, 1001 զորամասի ենթասպաներ Ավետիք Աթաբեկյանի ու Լեւոն Հակոբյանի արձակած կրակոցներից էին զոհվել մարտի 1-ի տաս զոհերից երեքը։

«Հանձնաժողովը տեւական ժամանակ իր նիստերում արձանագրում էր այն փաստը, որ ամեն դեպքում „Չերյոմուխա – 7“ հատուկ միջոց կիրառած ոստիկանների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի, եւ այդ փաստն առանձնահատուկ ուսումնասիրության առարկա դառնա», — ասաց Սամվել Նիկոյանը եւ հավելեց, որ առայժմ բավարար հիմքեր չունի պնդելու, որ քրեական գործեր կհարուցվեն նաեւ այլոց, այդ թվում` հրաման տվողների նկատմամբ: