2008թ. մարտյան զանգվածային անկարգությունների համար դատապարտված, հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար ոչ հանցագործ է, ոչ քաղբանտարկյալ:
Դեկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե չնայած որ ՄԻքայելյանը դավաճանել է իր թիմին, նա մնում է իրենց ընկերը: Իսկ Միքայելյանին քաղբանտարկյալ չի կարելի անվանել, քանի որ դրա համար պետք է ունենար քաղաքական գործչի որոշակի փորձ:
Գալուստ Սահակյանը նաեւ տեղեկացրեց, թե սուր քննադատության են ենթարկվել ՀՀԿ այն պատգամավորները, որոնք ստորագրել են նախկին պատգամավորին ազատ արձակելու մասին նախագահին ուղղված դիմումի տակ: Խմբակցության ղեկավարի խոսքով, նախագահը կարող է ներել միայն դատապարտյալի ներման դիմումի հիման վրա: Իսկ դա Սասուն Միքայելյանն առ այսօր չի արել: Գալուստ Սահակյանը նաեւ խորհուրդ տվեց մեծ աղմուկ չբարձրացնել դատապարտյալի առողջական վիճակի շուրջ: «Դա պարզագույն վիրահատություն էր: Նման վիրահատություններ ամեն օր հարյուրներով են արվում»,- հայտարարեց նա: Սահակյանը նաեւ նախազգուշացրեց ընդդիմությանը, որ նա Սասուն Միքայելյանին թիրախ չդարձնի, քանի որ նա «հետո վրեժ է լուծելու»:



























