Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը նորից ժամանել է Վրաստան: Այս մասին հայտարարում է GHN լրատվական գործակալությունը:

«Ես կանգ չեմ առնի: Ես եկել եմ, որպեսզի վերջնականապես լուծեմ դեռահասների ազատ արձակման հետ կապված խնդիրը, քանի որ անթույլատրելի եմ համարում, որ քաղաքական լարված իրավիճակի պատճառով անմեղ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է Համերբերգը:

Ընդ որում, «Взгляд» պարբերականը` վկայակոչելով տեղական «Իմեդի» հեռուստաընկերությանը, հաղորդում է, որ երկրի իշխանությունների հետ դեռեւս չի հաջողվել հասնել համապատասխան համաձայնության:

Նախօրեին Համերբերգի հետ հանդիպմանը Հարավայի Օսիայի նախագահ Կոկոյտին հայտարարեց, որ մտադիր է ազատ արձակել նոյեմբերի սկզբին ձերբակալված վրացի դեռահասներին, որոնց մոտ հայտնաբերվել էին պայթուցիկներ եւ զենք:

Կոկոյտին նաեւ նշեց, որ Հարավային Օսիան «Վրաստանի ներկայիս հանցավոր ռեժիմի հետ երկխոսություն սկսելու ոչ մի իմաստ չի տեսնում», սակայն կարծում է, որ երկու երկրների համար ցավալի հարցերը պետք է ավելի մարդասիրաբար եւ քաղաքակիրթ տարբերակով լուծվեն:

Այսօր նախատեսվում է Թոմաս Համերբերգի այցը Ցխինվալ, որտեղ նա կմիանա Թիրձնիսիում դեռահասների ազատման գործընթացին: