«Թուրքիան կվավերացնի ստորագրված արձանագրությունները եւ դրա մասին տեղեկացված են երրորդ երկրները»,- դեկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեցին Երեւանում գտնվող թուրքական CNNturk-ի լրատվական խորհրդատու Ֆերհաթ Բորաթավը եւ MIlliyet-ի թղթակից Քադրի Գյուրսելը, ովքեր հայ լրագրողների առաջ կիսվեցին հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների վավերացման հետ կապված իրենց տեսակետներով:

«Ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան, սակայն իրականությունը այլ բան է ցույց տալիս։ Ես կարծում եմ, որ Ղարաբաղի խնդիրը չպետք է կապել արձանագրությունների հետ»,- նշեց Milliyet-ի թղթակիցը։

«Մինչ արձանագրությունները ստորագրելը՝ Թուրքիան չէր սպասում Ադրբեջանի կողմից նման ուժեղ ճնշման։ Կարծում եմ՝ եթե այդ ամենը նկատի առնվեր, երեւի արձանագրությունների մեջ Ղարաբաղի հետ կապված կետեր կմտցվեր։ Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, եթե դա հակասում է Ադրբեջանի շահերին»- նշեց CNNturk-ի լրագրողը՝ մանրամասնելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվեց իր շրջագայության ժամանակ համոզել հայկական Սփյուռքին, սակայն Թուրքիան դեռեւս չի կարողանում համոզել Ադրբեջանին։

«Մինչ Ղարաբաղի հարցում առաջընթաց գրանցվելը արձանագրությունները չվավերացնելու՝ Ադրբեջանից եկած ճնշումը իր արտացոլումը գտավ նաեւ թուրք հասարակության մեջ։ Սակայն, եթե իրավիճակը այնպիսին դառնա, որ չվավերացնելը վնասի արդեն Թուրքիայի շահերին, Թուրքիան ստիպված կլինի վավերացնել արձանագրությունները»,- նշեցին բանախոսները։

Իր հերթին՝ Milliyet-ի թղթակից Քադրի Գյուրսելը կարծիք հայտնեց, որ ամեն դեպքում արձանագրությունները կվավերացվեն եւ դրա մասին արդեն տեղեկացված են երրորդ երկրները եւ ավելացրեց, որ ներկայումս Թուրքիան ավելին քան երբեք վճռական է տրամադրված՝ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ: