Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Արմավիր քաղաքում պաշտպանության նախարարության զինծառայողների համար ծառայողական բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցյալ տարվանից իրականացված աշխատանքների համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 250 մլն դրամ։ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ բացված շենքն ունի 16 բնակարան։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կիսել է բնակարանամուտի առթիվ սպաների ոգեւորությունը` բնակարանաշինությունը համարելով փոքրիկ հաղթանակ ճգնաժամի պայմաններում։ «Դեռ շատ անելիքներ կան, եւ հազարավոր ընտանիքներ բնակարանի կարիք ունեն։ Դա կառավարության համար գերակայություն է, եւ առաջին հերթին մեր թիրախային խումբը պետք է լինեն երիտասարդ նորակազմ ընտանիքները», նշել է Տիգրան Սարգսյանը:




























