Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանն, այսօր` հունիսի 6-ին, հանդիպել է կաթնամթերքի արտադրության ոլորտի 30-ից ավելի ձեռնարկությունների ղեկավարների հետ:

Նրանք քննարկել են ոլորտում առկա իրողություններն ու զարգացումները, վերջին շրջանում կաթի գնի անկման հետ կապված դժգոհությունների ու ահազանգերի հիմքերը:

Անդրադառնալով զարգացած երկրների փորձով մեզանում նույնպես ըստ ոլորտների արտադրողների եւ վերամշակողների միությունների ստեղծման անհրաժեշտությանը, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ դրանով պետությունը ոչ թե միջամտում, այլ համակարգում է տնտեսական հարաբերությունները, հնարավորինս նպաստելով երկու կողմերի շահերի պաշտպանությանը: Անասնաբուծության ոլորտի համար նա որոշակիորեն առանձնացրել է կաթ արտադրողների եւ կաթ վերամշակողմերի միությունների ստեղծման կարեւորությունը:

«Վերջին շրջանում ոլորտը զգալի առաջընթաց է ապրել: Բավական է ասել, որ հունվարի 1-ի դրությամբ շուրջ 28 հազարով ավելացել է խոշորի, եւ ավելի քան 57 հազարով մանր եղջերավորների գլխաքանակը: Բնականաբար, զգալիորեն ավելացել են կաթի արտադրության ծավալները: Եվ քանի որ զարգացման միտումները հիմնավոր եւ շարունակվող են, իսկ այսօր արդեն դրանք որոշակի խնդիրներ են առաջացնում ոլորտում` կապված գների, իրացման եւ նաեւ որակի հետ, ուստի հասունացել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Մանավանդ, որ հիմնական գլխաքանակը մանր տնտեսություններում է, իսկ հիշատակված խնդիրների լուծմանը համակարգված մոտեցում է պետք, որ հնարավոր է միայն տնտեսությունների խոշորացման պարագայում»,- նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը, վերջինիս համար կարեւորելով ստորագրման ներկայացված ՙՙՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների միջեւ անասնաբուծության եւ կաթնամթերքի արտադրության ոլորտների բնականոն համագործակցությունն ու զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ՚՚ հուշագիրը:

«Այն համագործակցության հեռանկարային փաստաթուղթ է առաջիկա 4-5 տարիների համար, երբ ոլորտում նախատեսվում են աջակցության բազմաթիվ եւ մեծ ծրագրեր»,-նշել է նա:

Ստորագրելով հուշագիրը, մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել փաստաթղթի ստեղծման առիթով, վստահեցնելով, որ այն իրոք կնպաստի պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը: