Սուրբ Խաչ վանքը շարունակելու է գործել որպես հայկական եկեղեցի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ղրիմի Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոն:
Խորհրդարանի նախագահի խոսքով, երբ ինքն ասել է, թե վանքը պետք է Ղրիմի ազգագրական թանգարանի բաժինը դառնա, նկատի չի ունեցել օբյեկտի փակում կամ դրա տարածքում թանգարանի ստեղծում: «Մենք մեր առջեւ նպատակ չէինք դրել փակել Սուրբ Խաչը, որ այն չգործող դառնար, իսկ այն ինչ ասվել է, վերաբերել է միայն թանգարանի բաժնին»,- մանրամասնել է Անատոլի Գրիշչենկոն:
Ըստ Analitika.at.ua-ի, Գրիշչենկոն նշել է, թե բաժնի ստեղծման մասին որոշումը կայացվել է Սուրբ Խաչում կարգ հաստատելու համար: «Կնքվել էին պայմանագրեր առեւտրականների հետ, որոնք վանքի տարածքում առեւտուր էին անում, տարբեր միջոցառումներ էին կազմակերպվում, որ անհամատեղելի է ազգային հուշարձանի կարգավիճակի հետ: Խնդիր էր դրված, որ վանքն ու եկեղեցին աշխատեին որպես գործող»,- հստակեցրել է նա:
Գրիշչենկոն նշել է նաեւ, թե թանգարանի բաժին ստեղծելու որոշումը դադարեցվել է: «Այդ կապակցությամբ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Կաթողիկոսի հետ: Մենք պայմանավորվել ենք, որ կվերդառնանք այդ հարցին մեկ ամսից՝ գնահատելու իրավիճակը ու վերջնական որոշում կայացնելու՝ ընդհանուր ուժերով կարգուկանոն հաստատելու համար»,- ասել է նախագահը եւ հավելել, թե անկախ բանակցությունների ելքից, վանքը կպահպանի կրոնական տաճարի կարգավիճակը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Կիրովի շրջան կատարած այցի ժամանակ Գրիշչենկոն հայտարարել էր, թ ե Սուրբ Խաչը դառնալու է թանգարանի մի բաժին: Դրա պատճառներից մեկն էլ վանքում սպասավորների բացակայությունն էր: Գարեգին 2-րդ կաթողիկոսի որոշմամբ վանքի ավագ քահանա է նշանակվել Հայրիկ Հովհաննիսյանը:




























