Վաշինգտոնում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յաշար Ալիեւը դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտին է ներկայացրել Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական նոտան, որը վերաբերվում է ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 8 մլն դոլար ֆինանսական աջակցություն տրամադրելու օրինագծին:

Ադրբեջանական АПА գործակալությունը, վկայակոչելով Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանատանը, հաղորդում է, որ բողոքի նոտայում գրված է, թե "Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանը, հարակից 7 տարածքների հետ, բռնազավթված է Հայաստանի կողմից եւ ԱՄՆ կառավարության ցանկացած ծրագրի ու գործունեության իրականացում Ղարաբաղում կամ այլ բռնազավթված տարածքներում առանց Ադրբեջանի հետ նախնական խորհրդատվության, հակասում է ինքնավարարության աջակցման եւ տարածքային ամբողջականության ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշմանը:

Ադրբեջանական կողմը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ խնդրի էությանը վերաբերվող համապատասխան տեղեկատվություն ներկայացնել:

Հայտարարվել է, որ այս ծրագրերի իրականացումը՝ առանց Ադրբեջանի համապատասխան թույլտվության, կդիտարկվի իբրեւ «ԱՄՆ-ի կողմից օգնություն անջատողական վարչախմբին», ինչը բացասաբար կանդրադառնա հակամարտության կարգավորման վրա եւ կազդի ԱՄՆ-ի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի եւ անկողմնակալ միջնորդի, վարկանիշի վրա: