«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի առաջին սաները, թվով 25 դպրոցականներ եւ ուսանող-երիտասարդներ, երեկվանից պեղումներ են իրականացնում դպրոցի ուսումնական պեղավայրում: Ամբողջովին հողածածկ «հնավայրում», որը վերստեղծված է Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով, ստեղծված են հնագիտության բնագավառում 1-ին գործնական քայլերն անելու պատշաճ հնարավորություններ. արգելոց-թանգարանն ապահովել է այն բոլոր գործիքների ու պարագաների ձեռքբերումը, որոնք անհրաժեշտ են հնագիտական միջամտություններ իրականացնելու համար:
Պատանի հնագետների պեղումներին զուգընթաց Էրեբունի ամրոցի Խալդի աստծո տաճարին հարակից հատվածում երեկվանից մեկնարկել են Հայ-ֆրանսիական արշավախմբի աշխատանքները` նոր քառամյա ծրագրի (2012-2015թթ.) շրջանակում:
Ողջունելով պատանիների մուտքը հնագիտության բնագավառ` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը նշել է, որ դպրոցը նպատակ ունի ոչ միայն իր սաներին կողմնորոշել դեպի հնագետի մասնագիտությունը, այլ նաեւ օգնելու է իրազեկ լինել հնավայրերում վարքագծի թույլատրելի եւ անթույլատրելի կանոնների համակարգին: Գ. Գյուրջյանն անձամբ է պատանի հնագետներին օգնել` պեղումների հրապարակը բաժանել հնագիտական քառակուսիների եւ ընտրել հորիզոնի նիշը: Ուսումնական պեղավայրում 1-ին գործնական աշխատանքները ողջունել է նաեւ ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը ասելով`«Նա , ով ուզում է հնագետ դառնալ պետք է կարողանա անել 2 բան` շատ կարդալ եւ միշտ հիշել, որ հնագետն իր կամքից անկախ նաեւ «ավերում է»: Ահա թե ինչու պետք աշխատել փոքր գործիքներով եւ զգուշորեն»: Ս. Դեշամպը հույս է հայտնել, որ դպրոցի սաներից շատերն ապագայում կհամալրեն Հայաստանի հնագետների թիմը եւ գուցե կաշխատեն հենց իրենց արշավախմբում:
Ֆրանսիացի մասնագետը բարձր է գնահատել արգելոց-թանգարանի նախաձեռնությունը` այն համեմատելով Ֆրանսիայում վաղուց արդեն քննություն բռնած «Հնագետի ճամպրուկ» կրթաճանաչողական նախագծի հետ:
Էրեբունի ամրոցում եւ պատանիների եւ հայ-ֆրանսիական արշավախմբի կողմից կատարվող պեղումները կշարունակվեն մինչեւ հունիսի վերջ:




























