Երեկ երեկոյան Մարալիկ քաղաքի ոստիկանության բաժին է տեղափոխվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին:

Վերջինս կրկին ընկել է հերթական արկածի մեջ, ինչի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը: Հակոբյանին նախ տարել են Մարալիկի հիվանդանոց, այնուհետեւ տեղափոխել են Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, որտեղ Հակոբյանին վիրահատել են: Հիվանդանոցի բժիշկները «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ Գեւորգ Հակոբյանի կյանքին վտանգ չի սպառնում, հիվանդի վիճակը միջին ծանրության է:

Հակոբյանը փորձել է Գյումրիից եկած մի խումբ երիտասարդների, այդ թվում նաեւ` քաղաքապետի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, հասկացնել, որ չմտնեն բարձր լարման հոսանքագծերով տարածք: Ի պատասխան՝ երիտասարդներից մեկը ատրճանակով կրակել է Հակոբյանի ուղղությամբ:

Մարալիկի ոստիկաններին եւ նրանց Երեւանից օգնության շտապած կարմիրբերետավորներին հաջողվել է ձերբակալել Գյումրիի քաղաքապետի որդուն եւ նրա ընկերախմբից մի քանիսին:
Ի դեպ, ոստիկանության կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ դեպքը, ինչպես սովորաբար, ներկայացված է շատ անորոշ ձեւակեպմամբ. «անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով ձախ ոտքի մասում վնասվածք է պատճառել 1955 թվականին ծնված Գեւորգ Հ.-ին»: Նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Սպարտակ Ղուկասյանի անունը առաջին անգամ չէ, որ հիշատակվում է հրազենի օգտագործմամբ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ: 2007թ. մայիսին Գյումրիի Տերյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեղադրանքով Գյումրիի քաղաքապետի որդին դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման, սակայն 2008թ.-ին ժամանակից շուտ ազատ էր արձակվել: