«Հայջրմուղկոյուղին» մատակարարվող ջրի եւ կոյուղաջրերի հեռացման սակագնի փոփոխություն չի նախատեսում, եւ այդ նպատակով չի դիմելու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին; Այդ մասին այսօր` հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նշենք, որ հանրապետության մարզերում ջրամատակարարում իրականացնող «Հայջրմուղկոյուղի» ընկերության սակագինը խոր.մետրի համար 179.8 դրամ է: Պ. Լորենի կարծիքով` ջրի սակագինը ցածր է, ինչի համար պետական բյուջեից սուբսիդիա են ստանում: Ընկերությունը կարողացել է ջրի ինքնարժեքը որոշ չափով իջեցնել էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ` ինքնահոս մատակարարումներն ընդլայնելու միջոցով:
Պատրիկ Լորենի խոսքով` թեեւ ջրի կորուստները մոտենում են գրեթե 90%-ի, այնուամենայնիվ այդ կորուստները սակագնի վրա չեն ազդում: 2012 թ. նախատեսվում է ջրին կորուստները նվազեցնել մինչեւ 83%:
Ըստ Պ. Լորենի` ջրի մեծ կորուստների պատճառներից մեկը ջրաչափերի ոչ ճիշտ հաշվառումն է: Նա տեղեկացրեց, որ սկսվում է նոր, բարձր դասի ջրաչափերի տեղադրման գործընթաց, 2012 թ. կտեղադրվեն 20 հազ. ջրաչափեր: Այդ ծրագիրն իրականացվելու է ընկերության միջոցների հաշվին:




























