Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը իր ընտանիքի անդամներին խնդրել է իրեն թաղել թոռան` Մուհամեդի կողքին, ով մահացել է ողբերգական հանգամանքներում:

84-ամյա Մուբարաքը նման խնդրանքով դիմել է իր կնոջը` Սյուզանին եւ որդուն` Գամալին, ովքեր բանտի հիվանդանոցում հերթապահում են նրա մոտ, հաղորդում է MIGnews-ը:

Այսօր` հունիսի 8-ի գիշերը եգիպտական լրատվամիջոցները կրկին հայտնել են այն մասին, որ երկրի նախկին նախագահի վիճակը վատթարացել է եւ նրան թոքերի արհեստական սնուցման ապարատ են միացրել: Բացի այդ, Մուբարաքը շարունակում է տառապել խորը դեպրեսիայով:

Հունիսի 2-ին Հոսնի Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման` 2011-ի փետրվար-մարտին շուրջ 850 ցուցարարների սպանությանն առնչություն ունենալու համար:

Ինչպես հաղորդում է ISRAland պորտալը, Մուհամեդը Հոսնի Մուբարաքի սիրելի թոռնիկն էր, ով մահացել է 2009-ի մայիսին 12 տարեկան հասակում: Երբ տղան իրեն վատ է զգացել, նրան անմիջապես օդանավով տեղափոխել են Փարիզ, սակայն փրկել փոքրիկին չի հաջողվել: Մինչ օրս հայտնի թե, թե կոնկրետ ինչից է մահացել Մուբարաքի թոռնիկը: