Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը մամուլից է իմանում իր` մարզպետի պաշտոնը լքելու մասին: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նա ասաց. «Նման խոսակցություններ չեն եղել եւ չեն էլ կարող լինել»: Մարզպետի պաշտոնին մնալու հետ կապված կուսակցությունում քննարկումներ չեն եղել:
Էդիկ Բարսեղյանի խոսքով` Կառավարությունն է որոշում այդ հարցերը: «Ջահել աղջիկ ես, ինչի՞ ես նման հարցեր տալիս»,- հանդիմանեց նա, հավելելով, որ չի ցանկանում կանխատեսել` կմնա՞ պաշտոնին, թե` ոչ:
Հարցին, թե եթե, ամեն դեպքում, պաշտոնանկ արվեք, ինչո՞վ եք զբաղվելու` բիզնեսո՞վ, նա հակադարձեց. «Ես բիզնես անո՞ւմ եմ, ուղղակի զարմանում եմ ձեր հարցերի վրա, երբ հանեն, կորոշեմ ինչով կզբաղվել»:
Ինչ վերաբերում է ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելու նրա ցանկությանը, մարզպետը նշեց, որ դա էլի լրատվամիջոցների հերթական գործն է:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ առաջիկայում Լոնդիկը զրկվելու է մարզպետի պաշտոնից, եւ նա պտտվում է Հովիկ Աբրահամյանի շուրջը` փորձելով նրան համոզել, որ Աբրահամյանը իրեն վստահի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:




























