Աբսուրդ է, երբ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը 100 տոկոսով պատկանում են պետությանը: Այդ մասին, այսօր` հունիսի 9-ին, Երեւանում անցկացվող կորպորատիվ կառավարման զարգացմանը նվիրված սեմինարում հայտարարեց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը:

Նրա կարծիքով` այդ դեպքում ընկերությունը չի կարողանում լիարժեք առաջնորդվել շուկայական կանոններով, ներդնել ռիսկերի կառավարման համակարգ, զարգացնել կորպորատիվ կառավարման մշակույթը, քանի որ պետական ընկերության գործունեության ազատությունը սահմանափակված է որոշ ընթացակարգերով: Մասնավորապես` պետական սեփականությամբ ընկերություններին ստիպում են գնումներ կատարել մրցութային կարգով` հատուկ ընթացակարգերով, որտեղ առկա են կոռուպցիոն ռիսկեր:

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի (ընկերության բաժնետոմսերը 100 տոկոսով պատկանում են պետությանը) ներկայացուցիչ Հակոբ Սարգսյանը սեմինարի ընթացքում հայտարարեց, որ պետական գնումների ընթացակարգերի պատճառով ստիպված են լինում շուկայականի համեմատ ավելի թանկ գնումներ անել: Նրա կարծիքով` պետական գնումների համակարգը պետք է օգտագործել միայն պետական գերատեսչությունների համար, որոնք շուկայական կանոններով չեն առաջնորդվում: Իսկ ընկերությունները, նրա խոսդքով, պետք է մատակարարներ ընտրելու (աշխատանքներ պատվիրելու) ազատություն ունենան: