Երեւանի բակերի բարեկարգումը անընդհատ աշխատանք է եւ պետք է խիստ հետեւողականությամբ իրականացվի բոլոր վարչական շրջաններում: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն այս համատեքստում հանձնարարել է ավարտել բակերի բարեկարգման աշխատանքներն ու օր առաջ բակերը հանձնել բնակիչներին. «Մենք հայտարարել ենք, որ առաջիկա տարիների ընթացքում պետք է հասնենք նրան, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ եւ, ծառայեն փոքրերին որպես խաղահրապարակ, իսկ մեծերի համար էլ լինեն հաճելի հանգստի գոտի: Բակային տարածքների բարեկարգումը պետք է լինի վարչական շրջանների ղեկավարների ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման եւ ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքներն անորակ եւ թերի կատարած կազմակերպությունները շարունակում են սեփական միջոցներով վերացնել ասֆալտբետոնե ծածկի թերությունները:
Քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետեւելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու աշխատանքների որակին:
Երեւանի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում. «Խստորեն հետեւեք կատարվող աշխատանքների ինչպես ծավալներին այնպես էլ որակին: Չստացվի այնպես, որ մի փոքրիկ անկյուն ներկելով համարեն, թե շքամուտք են վերանորոգել: Այս հարցում համագործակցեք նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին շքամուտքերում իրականացնեն մալուխային տնտեսության կարգավորման աշխատանքները: Կատարված աշխատանքի արդյունքը պետք է լիարժեք լինի»,-նշել է Տարոն Մարգարյանը:




























