Պետեկամուտների կոմիտեն այս տարվա հունվարի 1-ից ստուգումների գործընթացում նոր մոտեցում է ներդրել` հիմնված բացառապես ռիսկերի վրա: Այդ ամբողջ գործառույթը վերապահվել է ստուգումների կազմակերպման եւ դիտարկման նորաստեղծ վարչությանը:

ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Հասմիկ Թորոսյանի խոսքերով, առաջին անգամ ստեղծվել է ստորաբաժանում, որն ամբողջությամբ կանոնակարգում է հսկողակական աշխատանքների ամբողջ գործընթացը` սկսած ստուգումների պլանավորումից  մինչեւ արդյունքների դիտարկում:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բիզնեսն այժմ կարող է նախապես ներկայացնել ստուգման ակտի վերաբերյալ իր դիտարկումներն ու առարկությունները, որոնք  հաշվի են առնվում ստուգող տեսուչի կողմից: Նախ կանխարգելիչ միջոցառումներ, հետո նոր միայն ստուգումներ: Ըստ վարչության գլխավոր հարկային տեսուչ Սեւակ Ոսկանյանի, վերլուծության արդյունքներով երեւում է, որ կազմակերպության մոտ համախառն եկամուտը շահութահարկի հաշվարկով պակաս է ցույց տրված, քան ներկայացվել է իրացման շրջանառությունը ԱԱՀ հաշվարկով:

Նման դեպքերում կատարվում են ուսումնասիրություններ, վերլուծություններ, եւ նոր միայն բացվում են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության հանձնարարագրեր:

Ստուգումների կազմակերպման եւ դիտարկման գլխավոր պատասխանատուն վստահեցնում է` օրենքի դաշտում գործող հարկատուները մտահոգվելու որեւէ  պատճառ չունեն. «Եթե հարկ վճարողներն ամբողջական հայտարարագրեն իրենց եկամուտները եւ հարկային պարտավորությունները, նրանք խնդիրներ չեն ունենա մեզ հետ»:

Առաջին եռամսյակի վիճակագրությամբ ռիսկային չափանիշների հիման վրա ձեւավորված ստուգումների համակարգում ընդգրկված կազմակերպությունների ցանկում կատարված ստուգումների քանակը հասնում է  ընդամենը 39 տոկոսի: Վարչությունն առաջիկայում մտադիր է  ներդնել նաեւ «տնտեսվարողի հարկային պատմություն» համակարգը, ինչը հնարավորություն կտա հսկողության տարբերակված մոտեցումներ կիրառել բարեխիղճ եւ հարկային դաշտը շրջանցող հարկ վճարողների նկատմամբ: