Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանում՝ դեկտեմբերի 18-ին, առանց քվեարկության ընդունվել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով բանաձեւը:
Բանաձեւը համահեղինակել են ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ պետություններ` այդ թվում Հայաստանը եւ Ադրբեջանը: Հետաքրքրական է վերջինիս համահեղինակների ցանկում հայտնվելը: Առհասարակ, Ադրբեջանը վերջին շրջանում, միջազգային տարբեր համաժողովներում անհաջող փորձեր է կատարում յուրովի մեկնաբանել միջազգային իրավունքի սկզբունքները, իսկ այս անգամ, ՄԱԿ-ում, փորձելով ցույց տալ թե իբր ազգերի ինքնորոշման թեման չի առնչվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, դարձել է ազգերի ինքնորոշման ջատագովը, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը, ի դեմս զարգացող երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության եւ մյուսների, քաջատեղյակ է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման հիմքում է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումը:
ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձեւը վերահաստատում է ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականացումը եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը։ Այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը:
Այս տարի ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեում վերը նշված բանաձեւի ընդունմանը նախորդել էին սովորականից ավելի թեժ բնույթի քննարկումներ, որոնց մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը:




























