Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության՝ Ծաղկաձորում դռնփակ անցկացված համագումարի արդյունքում նոր ատենապետ հռչակված Գեւորգ Պերկուպերկյանը դեկտեմբերի 21-ին նամակով դիմել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին եւ նրանից պահանջել կուսակցության կնիքը: «Դուք վտարվել եք կուսակցությունից: ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության նորընտիր ղեկավարությունը Ձեզնից պահանջում է կազմակերպել ՍԴՀԿ կնիքի եւ մնացած փաստաթղթերի ընդունման հանձնման գործընթաց»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ հնչակյաններ Ծաղկաձորում արտակարգ համագումար էին կազմակերպել, որից հետո հայտարարեցին, թե Լյուդմիլա Սարգսյանը վտարված է կուսակցությունից, իսկ նոր ատենապետը Գեւորգ Պերկուպերկյանն է: Լյուդմիլա Սարգսյանը վերջինիս, ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանին եւ Վահան Շիրխանյանին մեղադրում է իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ:




























