Ալիեւը սառը ջուր է լցրել ղարաբաղյան հակամարտության գործընթացում ճեղքում ակնկալողների գլխին:
Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ «Ռոյթերզ» գործակալության մեկնաբան Քոնոր Սուինին հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սառը ջուր է լցրել ղարաբաղյան հակամարտության գործընթացում ճեղքում ակնկալողների գլխին: «Նա հայտարարել է, որ թեեւ ներկայիս բանակցություններն „ավելի կառուցողական“ են, Բաքուն նախկինի պես համարում է, որ տարածաշրջանի անկախության մասին խոսք լինել չի կարող: Ղարաբաղի ներկայացուցիչներն ասում են, որ իրենց միայն անկախություն է հարկավոր»,- նշում է հեղինակը: Վերջինս նաեւ ներկայացրել է մի շարք փորձագետների կարծիքներ, որոնք բոլորն էլ հոռետեսական կանխատեսումներ են հայտնել հակամարտությունը մոտ ապագայում հանգուցալուծելու հնարավորությունների առնչությամբ:




























