Թուրքիան եւս մեկ փոքր քայլ է կատարել Եվրամիությանը անդամակցելու ուղղությամբ: Այդ մասին դեկտեմբերի 21-ին Բրյուսելում հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը:
«Բնապահպանական փաթեթը տեխնիկապես բավական բարդ, ժամանակատար եւ մարտահրավեր նետող է թեկնածու երկրի համար: Ես համոզված եմ, որ մեր երկկողմ բանակցային դիրքորոշումների եւ ակտիվ համագործակցության հիմքի վրա գործընթացը կհանգեցնի գերազանց արդյունքի»,- ասել է Ռենը՝ խոսելով Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ բնապահպանական նորմերի վերաբերյալ մեկնարկած բանակցությունների մասին:
Պաշտոնական Անկարան պարտավոր է ընդունել բնապահպանական մի շարք նոր օրենքներ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար: Բնապահպանական փաթեթը մեկն է այն 35 բանակցային փուլերից, որոնցով պետք է անցնի Թուրքիան՝ Եվրամիությանը անդամակցելու համար: 35-ից 8 կետերով բանակցությունները դեռեւս սառեցված են՝ Կիպրոսի հիմնախնդրի պատճառով:
«Ազատություն» ռադիոկայանը փոխանցում է, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Եվրամիությանը կոչ էր արել Թուրքիայի քաղաքացիներին թույլ տալ առանց մուտքի արտոնագրի այցելել Եվրամիության անդամ երկրներ: Դավութօղլուն նաեւ վստահեցրել էր, որ Թուրքիան կկատարի բոլոր տեխնիկական պահանջները՝ ապահովելու Թուրքիայի քաղաքացիների մուտքը Եվրամիության երկրներ՝ առանց մուտքի արտոնագրի, իսկ եթե տեխնիկական խնդիրների ապահովումից հետո Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների թույլտվություն չտա, դա կդիտվի որպես երկակի չափանիշների կիրառում:




























