NEWS.am-ի հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի Հանրային խորհրդի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Որքանո՞վ արտաքին քաղաքական գործընթացները 2009թ. ԼՂՀ-ում ազդեցին ներքաղաքական իրավիճակի վրա: Կարելի՞ է ասել, որ ներքաղաքական իրավիճակն ու հանրային կայունությունը հանրապետությունում բավարար են եւ կախված չեն արտաքին ազդեցությունից:
2009թ. ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի արհեստական ակտիվացումը, որպես հայկական կողմի վրա ճնշման ձեւ, չէր կարող չազդել ԼՂՀ հանրային տրամադրությունների վրա: Ղարաբաղյան փորագետները, հասարակական եւ քաղաքական գործիչները, այսպես թե այնպես, սկսեցին ավելի ակտիվորեն արտահայտել տեղի ունեցողի նկատմամբ իրենց վերաբերմունքը: Եթե նախկինում ղարաբաղյան խնդիրը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի դիպուկ արտահայտությամբ, քննարկվում էր ամենուր, բացի բուն Ղարաբաղից, այժմ իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: Ղարաբաղյան խնդրով մեզ մոտ սկսեցին կլոր սեղաններ, ՀԿ-ների համաժողովներ, ՀԿ-ների ղեկավարների աշխատանքային հանդիպումներ, խորհրդարանական լսումներ կայանալ: Բայց բանակցային գործընթացը որեւէ ազդեցություն չունեցավ ներքաղաքական ուժերի դասավորվածության վրա: Այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներից», որ տարածքային զիջումներ է նախատեսում, հրաժարվելու հարցում Լեռնային Ղարաբաղում հանրային համաձայնություն է ձեռք բերվել:
Կարծո՞ւմ եք արդյոք, որ ԼՂՀ կառավարությունը համարժեք արձագանքեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, որ մոլեգնեց անցած տարի:
Ընդհանուր առմամբ հակազդեցությունը համարժեք էր: Գյուղատնտեսության դրա դրված խաղադրույքը արդարացված էր: 2009թ. ՀՆԱ 13-14 տոկոս կանխատեսվող աճն արդեն խոսուն է: Աճին նպաստեցին նաեւ օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես՝ ԼՂՀ թույլ ինտեգրվածությունը համաշխարհային տնտեսությանը:
Հակամարտության կարգավորման գործընթացի ի՞նչ զարգացում եք կանխատեսում 2010թվականին:
Կարծում եմ՝ 2010թ. առաջին կիսամյակում հայկական արտաքին քաղաքական օրակարգում գերակա կլինի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը՝ առանց Ղարաբաղի վերաբերյալ նախապայմանների: Անցնող տարում հանրությունը հստակ ցույց տվեց միջազգային կենտրոններին, որ չի գնա տարածքային զիջումների: Ուստի հայ-թուրքական մերձեցմամբ շահագրգռված ուժերը 2010թ. պետք է ակտիվորեն աշխատեն Անկարայի եւ Բաքվի հետ:
Ղարաբաղում երբեք չեն բացառել ռազմական սցենարը, եւ միշտ էլ պատրաստ են եղել հնարավոր նոր ագրեսիայի հետ մղմանը: Եթե Բաքուն փորձի ուժի դիմել (ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ տարածաշրջանում անկայունության միակ աղբյուրն Ադրբեջանն է), Հայաստանը կողք չի քաշվի, քանի որ ՀՀ-ն ԼՂՀ անվտանգության երաշխավորն է, եւ երկու հայկական պետությունների միջեւ ստեղծված է անվտանգության միացյալ տարածք: Այդուհանդերձ, որոշ օբյեկտիվ պատճառներով, ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բավական ցածր է:
Ինչ վերաբերում է 2009թ. կարգավորման գործընթացի արդյունքներին, զգալի արդյունքներ չեն արձանագրվելու: Դրա համար կան պատճառներ. Երկխոսությունը շարունակվում է խեղաթյուրված ձեւաչափով՝ առանց ԼՂՀ-ի, կարգավորման քննարկվող հիմնարար սկզբունքները իրատեսական չեն, իսկ միջազգային միջնորդների կարգավորման մեթոդոլոգիան չի կարող լուրջ առաջընթաց ապահովել այդ գործընթացում: Բայց բանակցությունները պետք է շարունակել, հենց թեկուզ նրա համար, որ դրանց անցկացման փաստը նվազեցնում է տարածաշրջանում լարվածությունը:
ԼՂՀ-ն կարո՞ղ է 2010թ. դառնալ բանակցային գործընթացի լիիրավ մասնակից եւ ի՞նչ պայմաններով:
Եթե քաղաքական կամք ցուցաբերվի, հնարավոր է հասնել այդ նպատակին: Մեկ անգամ չէ, որ առաջարկվել է, որ ԼՂՀ-ն վերականգնի հակամարտող կողմի իր կարգավիճակը, որը, ի դեպ, ընդունված է ԵԱՀԿ եւ ՄԱԿ որոշումներում եւ փաստաթղթերում:
Հայկական երկու պետությունները պետք է կողմնորոշվեն իրենց դերերի եւ բանակցային գործընթացում լիազորությունների բաշխման առումով: Այն առանցքային հարցերը, որ վերաբերելու են ԼՂՀ իշխանությունների լիազորությունների ոլորտին, չեն կարող քննարկվել Հայաստանի ղեկավարության կողմից՝ ո՛չ միջնորդների, ո՛չ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Այդ դեպքում, ղարաբաղցիները պետք է հրավիրվեն բանակցությունների սեղանի մոտ: Այսպես, օգտագործելով ԼՂՀ եւ Հայաստանի ներքին ռեսուրսը, հնարավոր է հասնել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնության վերականգնմանը:




























