Ռուսաստանի ստեղծագործ էլիտան հանդես է եկել սկանդալային Pussy Riot փանք-խմբի կալանավորված անդամների պաշտպանությամբ: Դիմումի հեղինակները նշում են, որ իրենք տարբեր հայացքներ ունեն խմբի ակցիայի «բարոյաէթիկական կողմի» վերաբերյալ, սակայն դա հանցագործություն չեն կարող համարել:

Նամակում ասվում է, որ Ռուսաստանն աշխարհիկ պետություն է եւ եկեղեցու դեմ կատարված գործողությունները հանցագործություն չեն, եթե քրեական օրենսգրքի հոդվածներով պատժելի չեն: Հեղինակների կարծիքով, Pussy Riot-ի աղջիկներին ճաղավանդակների հետեւում պահելը նպաստում է անհանդուրժողականության աճին եւ մոտեցնում հասարակության պառակտումն ու արմատականացումը: Դիմումը հիշեցնում է, որ կալանավորված աղջիկներից երկուսը երիտասարդ մայրեր են, հաղորդում է НТВ-ն:

Հայտնի դերասաններից նամակը ստորագրել են Չուլպան Խամատովան, Եվգենի Միրոնովը, Սերգեյ Յուրսկին, Օլեգ Բասիլաշվիլին, Լիա Ախեջակովան, Իգոր Կվաշան, Էմանուիլ եւ Մաքսիմ Վիտորգանները: Ռեժիսորներից նամակի տակ ստորագրություն են դրել Էլդար Ռյազանովը, Մարկ Զախարովը, Ֆյոդոր Բոնդարչուկը, Անդրեյ Կոնչալովսկին, Ալեքսեյ Գերմանը եւ Ալեքսեյ Գերման-կրտսերը, Պավել Չուխրայը եւ այլք:

Դիմումի տակ ստորագրել են նաեւ երաժիշտներ Անդրեյ Մակարեւիչը, Յուրի Շեւչուկը, Վալերի Մելաձեն: Միացել են նաեւ բալետի արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն, գրականագետներ Գրիգորի Ճխարիտիշվիլին (Բորիս Ակունին), Դմիտրի Բիկովը, Լեւ Ռուբինշտեյնը, պատկերասրահագետ Նատալյա Ռյուրիկովան:

Ցանկում 100-ից ավելի անուններ են եւ ստորագրությունների թիվը շարունակում է աճել: Ստորագրությունների հավաքումը կազմակերպվում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում: