Դեկտեմբերի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) կայացել է 2009 թվականի առաջնության ֆուտբոլային դափնեկիրների պարգեւատրման արարողությունը։ Ինչպես արդեն հայտնի է, տարվա լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Դոնեցկի «Մետալուրգի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը։
Մրցանակներ են տրվել նաեւ երկրի անցած առաջնության ժամանակ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին՝ «Փյունիկին», երկրորդ տեղը զբաղեցրած «Միկային» եւ «Ոլիսին»: Պարգեւատրվել է նաեւ ֆուտզալի չեմպիոն «Էրեբունին»:
Բացի այդ, պարգեւներ են հանձնվել նաեւ հետեւյալ անվանակարգերում. Առաջին լիգայի չեմպիոն «Իմպուլս»-ին, որը բարձրագույն խմբի ուղեգիր է նվաճել, Fair play-ի (արդար խաղի) համար՝ «Փյունիկին» եւ «Բանանց-3»-ին, լավագույն երիտասարդ մրցավար Արման Ամիրխանյանին:
«Լավագույն հարձակվող» է ճանաչվել Արթուր Քոչարյանը («Ուլիս» 15 գոլ): «Լավագույն հեռանկարային ֆուտբոլիստ» է համարվել Դավիթ Մանոյանը («Փյունիկ»), «Լավագույն մարզիչ»` Վարդան Մինասյանը, «Տարվա բացահայտում»` Դավիթ Մանոյանը («Փյունիկ»): Դրանից զատ, ֆուտբոլային իրադարձությունները լավագույն լուսաբանելու համար մրցանակ է ստացել «Հայ TV»-ն, իսկ պատվավոր մրցավար է համարվել իր կարիերան ավարտած Կարեն Նալբանդյանը:




























