Անգամ անմեղսունակ ճանաչվելու դեպքում ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը, ով մեղադրվում է  77 մարդու սպանության մեջ, ամենայն հավանականությամբ, բանտում կմնա. Նորվեգիայի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել Օսլոյի Իլ բանտում 33-ամյա ահաբեկչի համար անհատական հոգեբուժական բաժանմունք կառուցելուն:

Արդեն սկսել են հիվանդանոցի վերածել բանտի մասնաշենքերից մեկը, այն նախատեսված կլինի մեկ անձի համար, որը կգտնվի մշտական վերահսկողության տակ: Ցերեկային ժամերին կհսկեն հիվանդանոցի չորս, գիշերը` երեք աշխատակիցներ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա պահվածքը վերահսկող սարքավորման համար բժշկական հատուկ կաբինետ կտրամադրվի, նա կունենա նաեւ լոգասենյակ, սանհանգույց, մարզասրահ եւ հյուրասենյակ:

Նախորդ շաբաթ Նորվեգիայում օրենք էր ընդունվել, որն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից: Ըստ դրա` Բրեյվիկը կարող է ցմահ մեկուսացվել հասարակությունից: Փաստաթուղթը «Բրեյվիկի օրենք» անվանումն է ստացել:

«Նորվեգացի հրաձիգի» դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 24-ին: Մեղադրող կողմն արդեն առաջարկել է ահաբեկչին հարկադիր բուժման ուղարկել հոգեբուժարան, գրում է Newsru.com-ը:

Օսլոյի դատարանում Անդրես Բրեյվիկի դատավարությունն ընթանում է ապրիլի 16-ից: Նա մեղադրվում է կրկնակի ահաբեկչության կազմակերպման մեջ, որոնց արդյունքում 77 մարդ է զոհվել: