Նախկին Հարավսլավիայի Միջազգային քրեական դատարանը սերբական ազգայնականների առաջնորդ Վոյիսլավ Շեշելին դատապարտել է լրացուցիչ 2 տարով` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Գործի դատավարության ժամանակ Շեշելը հրաժարվել է իր կայքից ջնջել վկաների մասին տեղեկատվությունը, որոնց դատարանն անձեռնմխելիություն է խոստացել:
Դատարանը կարծում է, որ 2003 թվականից ռազմական հանցագործությունների համար Հաագայում դատվող Շեշելի գործողությունները «բացահայտ արհամարհանք են» օրինական պահանջների նկատմամբ եւ հավասարազոր են «դատական իրավասություններին ուղիղ հարձակմանը», հայտնում է «polit.ru»-ն:
Նշվում է, որ սա արդեն երրորդ դատավճիռն է, որը կիրառվում է Շեշելի դեմ: 2011 թվականին Շեշելը դատապարտվել էր կես տարվա ազատազրկման վկաների մասին գաղտնի տեղեկատվության հրապարակման համար, իսկ 2009 թվականին 15 ամիս բանտարկության է դատապարտվել դատարանին չհարգելու համար:
Նախկին քաղաքական գործիչ Վոյիսլավ Շեշելին մեղադրում են 1991-1993 թթ. ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Դատախազությունը նրա համար 28 տարվա ազատազրկում է պահանջում:




























