Թուրքիայի Մալաթիա քաղաքի Ինոնյուի անվան համալսարանի ռեկտոր Ջեմիլ Չիչեքը անհանգստացած է, որ Հայաստանը ծիրանին նվիրված միջազգային միջոցառում է կազմակերպում իսկ իրենք` ոչ: Թուրքական Gunestv կայքէջի փոխանցմամբ` Մալաթիայի Ինոնյուի անվան համալսարանի ռեկտորը այցելել է Մալաթիայի նահանգի գյուղատնտեսական պալատ եւ շնորհավորել պալատի նախագահին՝ հատկապես ծիրանի ուսումնասիրման հարցում արած աշխատանքների համար:

Համալսարանի ռեկտոր Ջեմիլ Չիչեքը իր խոսքում նշել է, որ տարեկան 10-15 հազար տոննա ծիրան արտահանող Հայաստանը ծիրանի համաշխարհային կոնգրես է կազմակերպում, իսկ իրենց մոտ ինչո՞ւ հնարավոր չէ կազմակերպել: Ռեկտորը ապագա ծրագրերի հետ կապված ասել է, որ Մալաթիայում կբացվի ծիրանի հետազոտման ինստիտուտ:

Մնում է զարմանալ թուրքի անսահման ցինիզմի վրա, ով հերիք չէ ՝ մեզ բնաջնջելով տեր է դարձել բնիկ հայկական բերրի հողերին, տվյալ դեպքում՝ Մալաթիային, հիմա էլ հայկական բնօրրանում աճող եւ ամբողջ աշխարհում որպես հայկական միրգ հռչակված ծիրանը ուզում է ներկայացնել որպես թուրքական։ Այդ պրոֆեսոր կոչվածը երեւի դպրոցական կրթություն էլ չունի, այլապես գոնե մեկ անգամ բացած կլիներ հանրագիտարանը, որտեղ ծիրանի լատիներեն միջազգային անվանումն է Prúnus armeniáca, որը բառացի թարգմանվում է «հայկական սալոր» կամ «հայկական միրգ»։