«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի համար 8 տարվա ազատազրկում պահանջելը նախեւառաջ հոգեբանական ազդեցության փորձ է, բայց ես վստահ եմ, որ մեր շարժմանը նման հնարքներով ոչ ոք չի կարող ճնշել",- դեկտեմբերի 23-ին հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:

Հիշեցնենք, որ մեղադրող Կորյուն Փիլոյանը 8 տարվա ազատազրկում է պահանջել ընդդիմադիր գործչի համար, որն առաջադրել է իր թեկնածությունը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում: «Մենք գիտենք՝ Փիլոյանն ով է: Նա պրոֆեսիոնալ դատախազ չէ, նա մսագործ է: Բոլորն ովքեր մասնակցում են այս գործերին, նրանք դահիճներ են, ոչ թե իրենց կոչմանը հավատարիմ իրավաբաններ: Նույն հաջողությամբ կարող էին կախաղան պահանջել, ուղղակի քր.օր-ում դա նախատեսված չէ՝ ի ցավ Փիլոյանի»,- նշեց Զուրաբյանն ու հավելեց. «Դա նախեւառաջ հոգեբանական ազդեցության փորձ է, բայց ես վստահ եմ, որ մեր շարժմանը նման հնարքներով ոչ ոք չի կարող ճնշել, եւ եթե նրանց նպատակն այն է, որ փորձեն դրանով ազդել 10-րդ ընտրատարածքում ընտրությունների վրա, ստանալու են հակառակ արդյունքը»:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է արդյոք, որ դատարանը շուտափույթ վճիռ կայացնի՝ դրանով խոչընդոտելով Փաշինյանի մասնակցությունն ընտրություններին՝ ՀԱԿ համակարգողը պատասխանեց. «Անգամ եթե կայացնեն, դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ դեռ կա վերաքննիչ եւ այլն: Մինչեւ այդ վճիռը օրինական ուժ չստանա, ոչ ոք չի կարող խափանել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ընտրություններին»: