WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, կարհամարհի ոստիկանությանը հանձնվելու պահանջը, որը շարադրված է Սքոթլենդ Յարդից Էկվադորի դեսպանատուն ուղարկված` իրեն հասցեագրված նամակում:

«Միջազգային իրավունքում քաղաքական ապաստան խնդրելու հայցն ավելի առաջնային է, քան հանձնելու վերաբերյալ հայցը: Այդ պատճառով, գրեթե հաստատ` ոչ», - ասել է Ասանժը` պատասխանելով BBC-ի այն հացին, թե արդյոք հունիսի 29-ին կգնա ոստիկանական բաժանմունք:

Դիվանագիտական առաքելությունում իր իննօրյա ապաստանելու ընթացքում Ասանժը բաց է թողել Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքարկում հանձնելու ժամկետը: Այդպիսով, եթե ավստրալացին լքի դեսպանատունը, նրան 10 օրվա ընթացքում կհանձնեն Շվեդիային` համաձայն բրիտանական Գերագույն դատարանի որոշման, գրում է polite.ru-ն:

Հիշեցնենք, որ  WikiLeaks -ի հիմնադիրը Էկվադորից քաղաքական ապաստան է խնդրել: Երկրի իշխանությունները վերջնական պատասխան չեն տվել, նրանք մտածելու ժամանակ են վերցրել: