Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում կայացավ գրող, հրապրակախոս Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» գրքի շնորհանդեսը։
Գրքի շնորհանդեսին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նկատելով, որ Հայաստանում բոլորը լավ գիտեն Հրանտ Դինքին, ներկաները, սակայն, փաստեցին, որ հայ հասարակությունը ծանոթ չէ նրա ստեղծագործություններին եւ չի ճանաչում նրան՝ որպես գրող-հրապարակախոսի։ «Հրանտ Դինքը մոնումենտ չէ. նրան պետք է ոչ միայն հիշել, այլ նաեւ կարդալ»,- ընդգծեց Ալ. Իսկանդարյանը։
Բոլոր ներկաները նշեցին նաեւ, որ գրքի հրատարակումը Հայաստանում մեծ իրադարձություն է,իսկ Հրանտ Դինքն էլ այն մարդկանցից էր, ովքեր «իրենց համեստ գործով փոխում են աշխարհը եւ կամրջում այն վիհը, որ կա հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ»։
Թուրքիայում գիրքը հրատարակվել է 2008-ին եւ ներկայացնում է հեղինակի մոտեցումներն ու մտորումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։




























